«ԴԵՄ ԵՄ»-ը «մեսիջ» է հղում Կառավարությանը՝ կտրականապես դեմ են պարտադիրի նոր սկզբունքներին
«ԴԵՄ ԵՄ»-ը քառյակի հետ հանդիպելով՝ ցանկանում էր «մեսիջ հաղորդել Կառավարությանը», որ իրենք կտրականապես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նոր սկզբունքների բոլոր կետերին: ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը։
«Նոր առաջարկները ներառում են ո´չ թե գործնական քայլեր՝ կուտակային համակարգի խեղկատակ օրենքը փոխելու, այլ՝ ինչ-որ նոր անունների տակ նույն սխեման կիրառելու փորձեր: Մենք վճռականորեն պայքարելու ենք մինչև վերջ, վերջը մեր տեսանկյունից հետևյալն է. եթե ներդրվի նման համակարգ, դա բացառապես կամավորության սկզբունքով պետք է լինի»,-ասաց նա:
«ԴԵՄ ԵՄ»-ի անդամ Արսեն Մանուկյանի խոսքով՝ այս նախագծից պարզ է դառնում, որ իշխանությունները ետ չեն կագնում իրենց որոշումից. «ԴԵՄ ԵՄ-ը ևս չի նահաջելու, և պայքարն ավելի է ծավալվելու,-նշեց ակտիվիստը՝ պնդելով, որ հասարակական ճնշումները դեռ պետք է էլ ավելի մեծանան։
«Հասարակությունը ցույց կտա իր ադեկվատ պատասխանը նման անօրինական քայլերին: Եթե իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ հակասահմանադրական օրենք կիրառել հասարակության վրա, ապա հասարակությունը համապատասխան քայլերով ցույց կտա իր պատասխանը»,-նշեց նա։
Հանդիպմանը ներկա էր նաև Սահմանդրական դատարանում հայցվոր կողմի փաստաբան Մերի Խաչատրյանը, ով նշեց, որ շրջանառության մեջ պետք է դրվեն հետևյալ սկզբունքները. «Այդ հանձնաժողովին հարց ունեմ տալու՝ արդյո՞ք ՍԴ-ի որոշումը եղել է սեղանին, երբ դուք ՍԴ-ի որոշման հիման վրա այդ սկզբունքերը կառուցել եք. ես նոր ընթերցեցի, բացարձակ չկա համապատասխանություն, նույն խտրականությունը կա, որևէ փոփոխություն չկա, միայն բառերի ավելացում կամ տեղափոխություն»,-ասաց նա և հայտարարեց, որ «ԴԵՄ ԵՄ»-ը այդ փաստաթուղթը կկոտրի կրկին ՍԴ սկզբունքներով։
«Երկրորդ անգամ դա կապացուցենք իրենց: Սկզբնական շրջանում հայտարարեցին, որ դա պետական աշխատողների վրա կտարածվի. նոր խտրականության տարբերակ է դրվել շրջանառության մեջ, մասնավորին անջատել են պետականից: Պետականի համար սահմանադրությունը չի՞ գործում, միայն մասնավորի՞ համար է գործում»,-ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ այս եղանակով փորձ է արվում լեգիտիմացնել Կառավարության կողմից իրականացվող ճնշումները:










