Զարուհի Փոստանջյանը վերադառնում է, նա 10 –օրից կմասնակցի «Ժառանգության» համագումարին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով տևական ժամանակ է` գտնվում է ԱՄՆ-ում՝ ուսումնառելով Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, վերադառնում է և 10 –օրից կմասնակցի «Ժառանգության» համագումարին
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ի պատասխան հարցի, թե նրա վերադառնալուց հետո ԱԺ-ում փոխվելու՞ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նմանատիպ հարց դրված չէ այս պահին»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էր, սակայն նրա՝ ԱՄՆ գնալուց առաջ որոշվեց, որ քաղաքական այս թեժ ժամանակահատվածում խմբակցությունը չի կարող անղեկավար մնալ:
Նշենք, որ հունիսի 28-ին կանցկացվի «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը:
«Սպասումների խնդիր չկա, մեր հերթական համագումարն է, վարչություն պետք է ընտրվի, ինչպես նաև՝ քաղաքական գնահատականներ պետք է տրվեն անցած էտապին, նաև՝ սպասելիքներ կկանխորոշվեն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այլևս կուսակցության ղեկավար չընտրվի, (մամուլում որոշ ժամանակ առաջ նման լուրեր էին շրջանառվում), Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել. «Մնացած հարցերը...համագումարին կսպասենք ու կտեսնենք»:










