Ռուսաստանը Մոլդովային նախազգուշացրել է ԵՄ-ին ինտեգրման վտանգների մասին

10:25 • 16.06.14

Ռուսաստանը նախազգուշացրել է Մոլդովային վտանգների մասին, որոնք կարող են ի հայտ գալ Եվրամիությանն ինտեգրման դեպքում: Այդ մասին ria.ru-ին հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը:

 

«Մոլդովան չի կարող զուգակցել երկու կարգավորող համակարգեր՝ ԱՊՀ և ԵՄ: Այն ստիպված կլինի որևէ ընտրություն անել: Եվ եթե այն լինի եվրոպական համակարգի օգտին, ապա ԱՊՀ համակարգը կդադարի հարմարավետ լինել: Մենք այդ մասին տեղեկացրել ենք, բայց մոլդովացի գործընկերներն ասում են, որ կկարողանան դրանից խուսափել»,- ասել է Լիխաչյովը:

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը պրագմատիկ է և կապված չէ Մոլդովայի քաղաքական ընտրության հետ. խոսքը միայն տնտեսական վտանգների մասին է, որոնք ունեն ինչպես Մոլդովան, այնպես էլ Ռուսաստանը:

 

Լիխաչյովը հիշեցրել է, որ ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու մասին գործող համաձայնությունը Մաքսային միությանն իրավունք է տալիս սեփական շուկայի պաշտպանության մեխանիզմներ կիրառել, եթե ԱՊՀ անդամ երկրներից մեկը երրորդ երկրի հետ ստեղծում է ազատ առևտրի գոտի։