Հայ պատգամավորները Բաքվում իրենց նորմալ են զգում, վաղն էլ գնալու են հայկական եկեղեցի

18:50 • 16.06.14

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու նպատակով Բաքու մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներն այդ երկրում իրենց նորմալ են զգում, վաղը լինելու են քաղաքի ինչ-որ տեղերում և անպայման այցելելու են Բաքվի հայկական եկեղեցի:


«Խոստացել են, որ վաղը կայցելենք անպայման, կկազմակերպեն: Միանգամից համաձայնեցին, որ կգնանք կպտտվենք»,- այս մասին Tert.am-ին Բաքվից հայտնեց Թևան Պողոսյանը՝ ի պատասխան հարցի, թե մեր պատվիրակությունն իրեն ինչպե՞ս է հոգեբանորեն զգում:

«Լրիվ նորմալ, հանգիստ, առանց որևէ էքսցեսների: Երեկ նորմալ դիմավորել են, գնացել ենք, միջոցառումը, որ սկսվել է, մենք ներսում ենք եղել (նկատի ունի հայ պատգամավորների դեմ բողոքի ցույցը) ու այդ մասին ինչ-որ չափով մամուլից ենք տեղեկացել»,-պատմեց Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Բաքվում են Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և ԱԺ պատգամավոր, պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների Բաքու կատարած այցի, սակայն ոստիկանությունը ցրել էր ցույցի մասնակիցներին և խլել նրանց պաստառները։

Սակայն ավելի լուրջ սկանդալ էր տեղի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթից հետո, ով հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները դեռևս չեն կարողացել փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման և փոխզիջումների հասնելու համար և կողմերին կոչ է արել ընդհանուր լեզու գտնել։

Ընդհանուր առմամբ, Թևան Պողոսյանի փոխանցմամբ, ադրբեջանցիները մնացել են իրենց «ստանդարտ»՝ «20 տոկոս օկուպացված տարածքներ» և այլ հայտարարությունների շրջանակներում:

«Բնականաբար, իրենց կողմից ներկայացված բոլոր մեղադրանքներին պատասխան եղավ: Իհարկե, պետք է գիտակցել, որ իրենք շատ են ելույթ ունեցողների առումով, բայց նույն թեման 100 անգամ արծարծելով՝ որևէ հաջողության չեն հասնում, որովհետև մեր բոլոր արտասահմանյան գործընկերները, ովքեր այստեղ են, սուրճ խմելու ժամանակ կամ հաց ուտելիս, գալիս՝ խոսում են, ասում են, որ հասկանում են խնդիրները: Նույնիսկ վերջում այնպիսի մի տպավորություն ստեղծվեց, որ ադրբեջանցիները սկսեցին մեզ մեղադրել, որ՝ տեսե՛ք, հայերն ամեն ինչին փորձում են անդրադարձ կատարել»,-ասաց Թևան Պողոսյանը և նկատեց, որ դա իրենց խնդիրն է:

Առնվազն առաջին օրվա ընթացքում, ըստ հայկական պատվիրակության անդամի ՝ իրենց հաջողվել է տեղ հասցնել հայկական տեսակետները մի կողմից և մյուս կողմից պատասխանել ադրբեջանական մեղադրանքներին:

«Իսկ մնացածն արդեն տեխնիկական խնդիր է, այն իմաստով, որ իրենք շատ են ու նույն բանը 8 անգամ են ասում, մեզ մեկ անգամ է հնարավորություն տրվում խոսելու, բայց, այնուամենայնիվ, բոլոր պատասխանները տրվում են»,-ամփոփեց նա:

Հիշեցնեք, որ LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութի ելույթի դեմ բողոքել էր պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ պահանջելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Թևան Պողոսյանը Բաքվում բարձրացրել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հարցը: Ի պատասխան հարցի, թե ադրբեջանական կողմի տեսակետն այս հարցում ո՞րն էր, Թևան Պողոսյանն ասաց, որ նրանք փորձեցին խուսափել այդ հարցից:

Ինչ վերաբերում է պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի՝ Ադրբեջանին ուղղված կոչին՝ դիպուկահարներին հեռացնել շփման գծից, ապա Թևան Պողոսյանը փոխանցեց, որ «մենք իրավունք ունենք մեր երկիրը պաշտպանել, դա մեր ընկալումն է, որ մենք այդպես կարող ենք պաշտպանել»:

Այնուամենայնիվ, ըստ Թևան Պողոսյանի՝ նույն Մեթյու Բրայզան Կորյուն Նահապետյանի կոչից հետո նշել է, որ, այո, եթե այդպիսի քայլ լիներ, դա կնպաստեր կողմերի միջև վստահության ավելացմանը:

Այսօր մեր պատվիրակության անդամները կմասնացնեն պաշտոնական ընթրիքին: Այլ մանրամասներ կհաղորդվեն արդեն Երևան վերադառնալուց հետո: