Ես կորցնելու շատ բան չունեմ. Հռոմի պապը հրաժարվել է զրահապատ «պապամոբիլից»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքն այլևս չի օգտվի հատուկ իր համար պատրաստված զրահապատ մեքենայից, որը շատ հաճախ անվանում են նաև «պապամոբիլ»։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ֆրանցիսկոսն իր որոշումը բացատրել է՝ ասելով, որ «այդ տարիքում» կորցնելու շատ բան չունի։
«Ճիշտ է, ամեն ինչ էլ կարող է պատահել, սակայն եկեք խոստովանենք, որ այս տարիքում ես կորցնելու շատ բան չունեմ»,-ասել է Կաթոլիկ եկեղեցու 77-ամյա հովվապետը։
Ֆրանցիսկոսը հավելել է, որ զրահապատ մեքենան իրեն խանգարում է արդյունավետ շփում ունենալ հավաքված մարդկանց հետ և որ այդ մեքենայում ինքը նման է «պահածոյացված ձկան»։
Աղբյուրը մանրամասնում է, որ «պապամոբիլները» գործածության մեջ են դրվել 1981թ., երբ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մի թուրք տղամարդ Սուրբ Պետրոսի հրապարակում մահափորձ է կատարել։










