Քառյակից եռյակն է սկզբունքորեն դեմ պարտադիր բաղադրիչին՝ ցանկացած տեսքով, ԲՀԿ-ն իր տեսակետը կհայտնի վաղը

18:30 • 16.06.14

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական դռնփակ հանդիպման համար քառյակին դիմել էր «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը՝ քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված կառավարության նոր առաջարկը. նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով տեղեկացրեց, որ քառյակից եռյակն է միայն սկզբունքորեն դեմ արտահայտվել պարտադիր կուտակային բաղադրիչին՝ ցանկացած տեսքով, ԲՀԿ-ն իր տեսակետը կհայտնի վաղը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը ի սկզբանե կիրառել միայն պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար։

«Մենք վերահաստատեցինք 12 կետերից առաջինի վերաբերյալ միասնական դիրքորոշումը, որ որևէ առաջարկ մեզ համար ընդունելի կլինի, եթե պահպանվում է երեք սկզբունք՝ պարտադիր բաղադրիչ՝ որևէ տեսքով, որևէ կատեգորիայի համար մեզ համար ընդունելի չէ։ Հաջորդը, որ մենք չենք ընդունի որևէ որոշում, որ խտրականություն է դնում քաղաքացիների տարբեր կատեգորիաների միջև՝ լինի դա տարիքային, թե բաժանելով պետական, մասնավոր սեկտորի։ Եվ երրորդը՝ մենք ընդունելու ենք այնպիսի լուծում, որ հիմնված կլինի սերունդների համերաշխության սկզբունքի վրա»,-ասաց նա։

Լևոն Զուրաբյանը, սակայն, նկատեց, որ 3 քաղաքական ուժերն են արդեն հայտնել իրենց դիրքորոշումը, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանն» իր որոշումը կընդունի վաղը՝ այդ հարցով խմբակցությունում նիստ գումարելուց հետո։ «Ընդհանուր առմամբ միասնական մթնոլորտ կա քառյակում»,-չնայած դրան՝ պնդեց Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, թե արդյունավետ քննարկում է եղել «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ. «Իրենք շատ օրինակներ բերեցին, որ ճնշումներ են անում մարդկանց վրա, բայց մենք նաև որոշում ընդունեցինք, հասկանալի է, որ եթե մենք մերժում ենք իշխանության մոտեցումները, ճիշտ կլինի, որ լինի այլընտրանք այդ ռեֆորմին, որն ընդունելի է հասարակության համար»,-նշեց նա և հայտարարեց, որ իրենք որոշել են համագործակցել քառյակով ու «Դ!ԵՄ ԵՄ»-ով՝ միասնական այլընտրանք ստեղծելու ուղղությամբ:

«Համարում ենք, որ եթե միասնական այլընտրանք ստեղծվի, կունենա 80%-ից էլ ավելի աջակից՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ 80%-ը չի ընդունում այս նախագիծը»,-նշեց նա։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ կառավարության այս փաստաթղթերին բոլորը շուտով կծանոթանան, իրենք այն կհրապարակեն՝ բացելով փակագծերը. «Հիմնական խնդիրներն այն են, որ ի վերջո պարտադիր բաղադրիչը գործելու է ամբողջ պետական սեկտորի համար, տասնյակ հազարավոր մարդկանց համար, իսկ մասնավորի համար դրա գործածությունը հետաձգվում է երեք տարով, բայց մենք պարտադիրը որևէ տեսքով չենք ընդունում»,-եզրափակեց նա: