Իրաքում առևանգված թուրք դիվանագետները պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

14:57 • 16.06.14

Իրաքում իսլամիստների կողմից առևանգված 49 թուրք դիվանագետները պետք է արագ կարգով ազատ արձակվեն, այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

«Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի իրավիճակի առնչությամբ և քննադատում ենք այդ հարձակումը։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել առևանգվածներին և ցանկանում ենք տեսնել նրանց հայրենիք վերադարձած։ Ոչինչ չի կարող արդարացնել այդ հանցագործությունը»,- ասել է Ռասմուսենը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան կշարունակեն դիվանագետների առևանգման վերաբերյալ խորհրդակցությունները։

 

Ռասմուսենը Դավութօղլուի հետ բանակցությունները գնահատել է «դրական և կառուցողական»։ «60 տարվա ընթացքում Թուրքիան մեր հիմնական դաշնակիցներից է։ Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, որոնք կլինեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող անտեսել անվտանգության հարցերը, մեր քաղաքացիների անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։