Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից

14:05 • 16.06.14

«Ֆորմուլա- 1» ավտոմրցարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից և հնարավոր է Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվի այլ բուժհաստատություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ dpa տեղեկատվական գործակալությանը հղումով։

 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով նախկին մրցարշավորդի մենեջեր Սաբինա Քեմին, նա արդեն լքել է Գրենոբլի կլինիկան։

 

Գերմանիայում հայտնի բժիշկ Քրիստոֆ Շպեխտը, մեկնաբանելով Շումախերի վիճակը, նշել է, որ նման հանգամանքներում «յուրաքանչյուր դեպք նման չէ մյուսին», և «ժամանակ առ ժամանակ կարող են անսպասելի դրական շարժեր նկատվել, երբ հիվանդները երկար տարիներ անց դուրս են գալիս կոմայից»։

 

Հիշեցնենք, որ Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում՝ Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելիս։