Միխայել Շումախերը բուժումը կշարունակի Շվեյցարիայում
«Ֆորմուլա-1-ի» աշխարհի յոթակի չեմպիոն «Միխայել Շումախերը վերականգնողական բուժման կուրս կանցնի Շվեյցարիայում:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ BigMir-ին հղումով, մամուլի ուշադրությունից խուսափելու համար Շումախերի ընտանիքը որոշել է չհայտնել հիվանդանոցի անունը, որտեղ ապաքինվելու է մարզիկը:
RTS շվեյցարական հեռուստաալիքին հաջողվել է պարզել, որ գերմանացուն տեղափոխել են Լոզանի համալսարանական հիվանդանոց: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է հիվանդանոցի մամլո քարտուղար Դարսի Քրիստենը:
«Այսօր առավոտյան պարոն Շումախերը ընդունվել է Լոզանի համալսարանական հիվանդանոց: Նա արդեն տեղավորվել է հիվանդասենյակում, որը հնարավորություն է տալիս ընտանիքին՝ իր հետ լինել», - հայտնել է Քրիստենը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Շումախերի ընտանիքը հայտարարություն էր հրապարակել, որի համաձայն՝ գերմանացի ամտոմրցարշավորդը դուրս է եկել կոմայից և դուրս գրվել Գրենոբլի հիվանդանոցից:










