Ստանդարտացման ֆոնդը, որքան հարուստ լինի ստանդարտներով, պետության առավելությունն է. էկոնոմիկայի փոխնախարար
Երևանում կազմակերպված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների նախապատրաստմանը նվիրված համաժողովի ընթացքում «Ռոսստանդարտի» պետի տեղակալ Ֆյոդր Բուլիգինը ասաց, թե Հայաստանում դեռևս մի շարք խորհրդային ստանդարտներ կան, որոնք պետք է համապատասխանեցվեն ժամանակակից ստանդարտներին:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է լինելու այն ստանդարտների ճակատագիրը, որոնք Հայաստանն ընդունել է Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել և կրկնում եմ՝ ստանդարտացման ֆոնդը, որքան հարուստ լինի ստանդարտներով, դա պետության առավելությունն է: Մեր ստանդարտների ֆոնդը բաղկացած է բազմաթիվ՝ և՛ եվրոպական, և՛ Խորհրդային միության, հիմա` ԱՊՀ տարբեր երկրների ստանդարտներով»:
Էկոնոմիկայի փոխնախարարը նաև նշեց, թե եթե սեյսմիկ կայունության վերաբերյալ Ճապոնիան ունենա ավելի լավ ստանդարտ, մենք կընդունենք դրանք:










