Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած միաբաններին

21:45 • 16.06.14

Հունիսի 16-ին «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած միաբաններին:

 

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից՝ ներկաներին Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերելով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատել է միաբաններին Մայր Աթոռի հանդեպ իրենց հավատարմության և հավատավոր ժողովրդին ամբողջանվեր ծառայության համար: Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ միաբանության ստվարացող շարքերը ո´չ միայն Հայոց Հայրապետին են ուրախություն և մխիթարություն պարգևում, այլև՝ հավատ և հույս են ներշնչում հավատավոր հայ ժողովրդին Եկեղեցու վաղվա լուսավոր օրվա նկատմամբ: Նորին Սրբությունը ողջունել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքո ւթյան ներկայացուցիչների մասնակցությունը ժողովին:


Կաթողիկոսը գնահատանքով արձանագրել է, որ շնորհիվ եկեղեցու հոգևոր սպասավորների և ժողովրդի բարեպաշտ զավակների ծառայանվիրումի և համատեղ աշխատանքի Եկեղեցին պայծառանում է և տարեցտարի ավելանում է եկեղեցական-հոգևոր կյանքի մեջ ներգրավվող հայորդիների թիվը: Միաժամանակ, Նորին Սրբությունը ցավով նշել է, որ այդ ճանապարհին երբեմն նկատվում են եկեղեցականությանն ու Եկեղեցու հետևորդներին անհանգստացնող անցանկալի ու ավերիչ երևույթներ: Նա հորդորել է եկեղեցականներին ամեն ջանք գործադրել և նախանձախնդիր, օրինակելի ծառայությամբ ջանալ ժողովրդին հեռու պ հել կործանարար ընթացքներից, համախմբել հայրերի ճշմարիտ հավատի և ազգային արժեքների շուրջ: