Ռուսաստանն արգելել է ուկրաինական ագրարային արտադրանքի ներկրումը. Յացենյուկ

16:00 • 16.06.14

Ուկրաինական ագրարային արտադրանքի ներկրումը Ռուսաստան արգելվել է երկուշաբթի օրվանից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ չպարզաբանելով, թե մասնավորապես ինչ արտադրանքի մասին է խոսքը, գրում է Interfax.ru-ն:

 

Յացենյուկը կարծում է, որ այդ քայլն Ուկրաինայի վրա տնտեսական ճնշման բաղադրիչներից մեկն է:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը հունիսի 16-ից արգելում է Ուկրաինայից կարտոֆիլի ներկրումը: Համաձայն ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության` «Ռոսսելխոզնադզորի»-ի տեղեկությունների՝ այդ որոշումը կայացվել է ուկրաինական արտադրանքի մեջ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդի հայտնաբերման առնչությամբ, որը կարանտինային օբյեկտ է Ռուսաստանի համար: