Հալեպում դարձյալ հայ է զոհվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում երեկ երեկոյան դարձյալ հայ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, Սեբիլ շրջանում ընկած հրասանդի արկի բեկորից զոհվել է 1942թ.-ին ծնված Սեդա Բասմաճյանը:
Նրա հուղարկավորության արարողությունը կայանալու է այսօր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
Հիշեցնենք, որ այս օրերին քաղաքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել էր, սակայն դարձյալ ջրի սղություն կա և խմելու ջուր գտնելը քաղաքի բնակիչներին դարձյալ փաստի առաջ է կանգնեցրել:
Հալեպի բնակիչներն օգտագործում են եկեղեցիների, դպրոցների, մզկիթների բակերում փորված հորերից դուրս բերվող ջուրը, ինչը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով:
Խմելու համար ոչ պիտանի ջրի օգտագործման հետևանքով թունավորումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:










