Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 125 զինծառայող
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության անցկացման ընթացքում զոհվել է 125 ուկրաինացի զինծառայող։ Այդ մասին հայտարարել է երկրի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նրանցից 96-ը եղել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող, 22-ը՝ ներքին գործերի մարմնի աշխատակից, ինչպես նաև սահմանապահներ և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ: Զոհերի մեծ մասը եղել է ինքնաթիռի և ուղղաթիռների կործանման հետևանքով: Յարեմայի խոսքով՝ մարտերում զոհված զինծառայողների թիվը քիչ է:
Անցած շաբաթ Ուկրաինայի առողջապահության նախարար Օլեգ Մուսին հայտնել էր, որ երկրի արևելքում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 210 մարդ, այդ թվում՝ 14 երեխա: Ընդ որում՝ նախարարը չէր հստակեցրել, թե ինչ կորուստներ են կրել զինվորականները, ինչ կորուստներ՝ ռուսամետ անջատողականները, և թե քանի զոհ կա խաղաղ բնակչության շրջանում:










