ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկել է իրաքյան ճգնաժամը
ԱՄՆ-ն միջնորդ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) ձևաչափով Իրանի հետ բանակցությունների շրջանակներում Վիեննայում քննարկել են Իրաքում ստեղծված ճգնաժամային դրությունը։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչն այս կապակցությամբ ասել է, որ իրենք պատրաստ են համագործակցել իրանցիների հետ այնպես, ինչպես դա անում են տարածաշրջանային մյուս երկրների հետ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացրած սպառնալիքները կանխելու համար։
Ներկայացուցիչը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանի հետ համագործակցությունն իր մեջ չի ներառի ռազմական գործողությունների համակարգում, ինչպես նաև ռազմավարական որոշումների քննարկում՝ կապված Իրաքի ապագայի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի իշխանությունները հրաժարվել են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Իրաքում ստեղծված ճգնաժամային իրադրությունը կարգավորելու հարցում։ Իսլամական պետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոնտր- ծովակալ Ալի Շամհանին հերքել էր արևմտյան ԶԼՄ-ների տարածած լուրը, ըստ որի Թեհրանն ու Վաշինգտոնը պատրաստ են համագործակցել։










