ԱԱ-2014. Հունիսի 17-ին կայանալիք խաղերը

11:55 • 17.06.14

Այսօր՝ հունիսի 17-ին, ԱԱ-2014-ի շրջանակում, H խմբի Բելգիա-Ալժիր և Ռուսաստան-Հարավային Կորեա դիմակայություններով, եզրափակվելու է Բրազիլիայում ընթացող Մունդիալի խմբային առաջին շրջափուլը։


Իսկ, ահա, Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականների միջև՝ A խմբի շրջանակում կայանալիք մրցավեճով մեկնարկելու է ԱԱ-2014-ի խմբային փուլի երկրորդ շրջանը։


Բելգիա – Ալժիր, սկիզբը՝ 20:00
Բելու-Օրիզոնտի, «Մինեյրան» մարզադաշտ
Մրցավար. Մարկո Ռոդգրիգես (Մեքսիկա)
Բուքմեյքերների սահմանած գործակիցները՝ 1.33 – 5.50 – 11.0


Բելգիացիները, որոնց կազմում շատ են երիտասարդ և տաղանդավոր խաղացողները, համարվում են Բրազիլիայում անցկացվող Մունդիալի ֆավորիտներից մեկը։ Ալժիրի հավաքականին նույնպես չի կարելի թույլ մրցակից համարել, ինչի վկայությունն այդ թիմի՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ վերջերս տոնած հաղթանակն էր՝ 3։1 հաշվով։


Իրենց վերջին մրցավեճերում, Հայաստանի ընտրանուն հաղթելուց բացի, ալժիրցիները տոնել են ևս երեք հաղթանակ և ընդամենը մեկ անգամ են զիջել մրցակցին՝ Բուրկինո-Ֆասոյի ընտրանուն (2:3): Բելգիացիներն, իրենց հերթին, վերջին հինգ հանդիպումներից՝ երեքում հաղթանակ են տոնել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով և միայն մեկ պարտություն են կրել՝ Ճապոնիայի հավաքականի հետ դիմակայությունում։


Բրազիլիա – Մեքսիկա, սկիզբը՝ 23:00
Ֆորտալեզե, «Կաստելան» մարզադաշտ
Մրցավար. Գյունեթ Չաքիր (Թուրքիա)
Բուքմեյքերների սահմանած գործակիցները՝ 1.33 – 5.50 – 11.0


Այս հանդիպմամբ ազդարարվելու է ԱԱ-2014-ի խմբային փուլի երկրորդ շրջանը։ Առաջին տուրում, մրցաշարի տանտեր Բրազիլիայի հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ազգային թիմի նկատմամբ, իսկ մեքսիկացիները նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել էին Կամերունի ընտրանուն։ Այդպիսով, այս դիմակայության հաղթողն իր համար, գործնականում, ապահովելու է փլեյ-օֆֆի ուղեգիրը։


Բրազիլիայի հավաքականը նախընթաց շրջանում 10 խաղերից բաղկացած հաղթաշար ունի։ Այդ մրցավեճերում աշխարհի հնգակի չեմպիոններն ընդամենը 3 գոլ են ընդունել սեփական դարպասը։ Ուշագրավ է նաև, որ Սելեսաոն 38 խաղ անընդմեջ չի պարտվում սեփական հարկի տակ։


Մեքսիկայի հավաքականն, իհարկե, չի կարող հպարտանալ նմանատիպ վիճակագրությամբ. «ացտեկները» վերջին հինգ խաղերում երեք հաղթանակ են տոնել (Իսրայել, Էկվադոր, Կամերուն), երկու հանդիպումներում էլ զիջել է մրցակիցներին՝ Բոսնիա և Հերցեգովինային ու Պորտուգալիային։


Ռուսաստան – Հարավային Կորեա, սկիզբը՝ 02:00

Կույաբա, «Պանտանալ» մարզադաշտ
Մրցավար. Նեստոր Պիտանա (Արգենտինա)
Բուքմեյքերների սահմանած գործակիցները ՝ 1.80 – 3.75 – 5.00


Ռուսաստանի ընտրանին, Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ, առանձնապես աչքի չի ընկնում «գոլահարությամբ» և դավանում է պաշտպանողական մարտավարություն։ Աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկից անմիջապես առաջ թիմի առաջատարներից մեկը՝ կիսապաշտպան Ռոման Շիրոկովը վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց Բրազիլիայում անցկացվող Մունդիալը։


Վերջին հինգ հանդիպումներում հարավկորեացիները, մարզիչ Հոն Մեն Բոյի գլխավորությամբ, չորս պարտություն է կրել, միայն մեկ մրցավեճում կարողանալով հաղթանակ գրանցել. ասիացիները Մունդիալի մասնակից Հունաստանի հավաքականի նկատմամբ առավելության են հասել 2։0 հաշվով։


Իսկ, ահա, Ռուսաստանի ազգային թիմը վերջին հինգ խաղերում չորս անգամ «վշտացրել է» իր մրցակիցներին՝ տոնելով նույնքան հաղթանակ, մեկ հանդիպում էլ Կապելոյի սաներն ավարտել են ոչ-ոքի։