Վճարովի կայանատեղիների 5 րոպեն 15 դարձնելը ոչինիչ չի փոխում. ավագանու անդամները՝ կարմիր գծերի մասին
Վճարովի կայանատեղիների համար նախատեսված 5 րոպեն Երևանի քաղաքապետարանը ցանկանում է դարձնել 15 րոպե, ինչը Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը չի համարում լուրջ զիջում և գտնում է, որ դրանով ոչինչ չի փոխվի:
«Անկախ ամեն ինչից՝ կարմիր գծերի առկայությունը, որ երևանցիների հաշվին մասնավոր ընկերություններն են հարստանում, աբսուրդ է ինձ համար: 5 րոպեն 15 րոպե դարձնելով՝ ընդամենը մի փոքր թեթևացնում են այդ վիճակը, բայց ընդհանուր առմամբ համակարգն այնպիսին է, որ մարդիկ ստիպված գնալու են, ամբողջ տարվա համար վճարում անեն: Այսպես թե այնպես՝ այդ 5, 15 կամ 20 րոպեն ոչինչ չի փոխում, եթե արդեն վճարել են մեկ տարվա գումարը, իրենց համար ի՞նչ տարբերություն՝ քանի րոպե է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ դա ուղղակի խնդիրներից մեկն էր. մարդը մի քանի րոպեով տեղ է մտնում, ու դրա համար ինչո՞ւ պետք է տուգանվի, քաղաքապետարանն էլ իբր՝ գործողություն է իրականացնում: «Ինձ համար խնդիրն ավելի ամբողջական է, քան 5 րոպեն 15 րոպե դարձնել: Դա նշանակում է՝ եռացող կաթսայի բերանը մի փոքր բացել»,-ավելացրեց նա:
Դավիթ Սանասարյանը քաղաքապետարանի քայլը զիջում չի համարում. «Դա շատ մանր քայլ է: Խնդրին սխալ մոտեցում է ցուցաբերվել: Եթե անգամ պետք է գանձվեր այդ գումարը, դա պետք է գնար Երևանի բյուջե, որը կարող էր վերադառնալ քաղաքացուն, հարկատուն պետք է իր արածի դիմաց ստանար պատասխան գործողությունը, բայց այս պարագայում գումարը գնում է մասնավորին, ինչն աբսուրդ է: Նման բան աշխարհի բոլոր զարգացած երկրներում էլ կա, բայց այլ կերպ է կարգավորվում»:
Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն էլ ասաց, որ 15 րոպեն նախ՝ տաքսու վարորդների համար է շատ ընդունելի, և իրենց մոտ առաջին օրվանից էլ դա քննարկվում էր, ուղղակի չէին կարողանում ճիշտ մոտեցումը գտնել: Ավագանու հաջորդ նիստում արդեն ներառված է այդ հարցը:
Դիտարկմանը, թե օրենքի դեմ պայքարող խմբերը պահանջում են այդ կարգը վերացնել, արդյո՞ք հնարավոր է, որ առաջիկայում քաղաքապետարանը վերանայի այդ որոշումը, նա պատասխանեց. «Ո´չ, այդ մասին ընդհանրապես խոսք չկա, այդ կարգն աշխատում է բոլոր երկրներում: Այդ խումբը թող գնա եվրոպական երկրներ և կտեսնի, որ ավտոկայանատեղիների հետ կապված՝ նույն մեխանիզմն է գործում»:
Նաիրա Նահապետյանը նաև նշեց՝ հիմա մարդիկ կարող է՝ բողոքում են, բայց 70-80%-ը գոհ է, որ նախկին գումար հավաքողները չկան, և այդպես ավելի էժան են վճարում:
«Սա զիջում չէ, ուղղակի հիմա քաղաքապետարանն աշխատում է երևանցու հետ, և երևանցու մի խելամիտ առաջարկն ընդունվում է ի գիտություն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքացու և քաղաքապետարանի միջև մասնավոր ընկերության առկայությանը, ինչը ևս դժգոհություն է առաջացրել վարորդների մոտ, ՀՀԿ-ական ավագանու անդամն ավելացրեց, որ իրենք այդ իրավունքը տվել են մասնավոր ընկերության, որն էլ 10 մլն դոլարի ներդրում է արել:
«Աշխատանք է տանում այդ ներդրողը, այդքան տեսախցիկներ է տեղադրել, իսկ քաղաքապետարանն այսօր այդպիսի գումար չունի, որ 10 մլն դոլար ներդնի կայանատեղիների կառուցման համար»,-եզրափակեց նա:










