Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու. հայտնի են քննարկվելիք հարցերը

09:59 • 17.06.14

Հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան, հայտնում է gazeta.ru-ն՝ նշելով, որ վերջին շրջանում Ռուսաստան - Ադրբեջան շփումներն ակտիվացել են՝ երկկողմ հետաքրքրությունների բերումով. Բաքուն հույս ունի, որ Մոսկվան կօգնի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հարցում, Մոսկվան՝ որ Ադրբեջանը կմտնի Եվրասիական տնտեսական միություն:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ  «կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների շուրջ»: Ըստ աղբյուրի՝ փորձագետներն ակնկալում են Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկում, որը վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր պատճառ է դարձել:

 

Իրավիճակի սրման պատճառ աղբյուրը նշում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ավելի վաղ այս հարցի շուրջ արված հայտարարությունները:

 

Լավրով - Մամեդյարով հանդիպումն արդեն չորրորդը կլինի այս տարի: Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Ադրբեջանը «Ռուսաստանի դաշնակիցն է Անդրկովկասում»:

 

Լավրովից հետո Բաքու կայցելի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը գլխավորում է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը։