ՀԱԿ-ը ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը բարձրացրել է հինգ հարց, առաջինը՝ «Մարտի 1-ի» խնդիրը

16:00 • 17.06.14

Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը այսօր հանդիպել են ԱԺ վեց խմբակցությունների հետ: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում նշեց, որ բարձրացրել են հինգ հարց: Նա նախ նկատեց, որ ինքը համազեկուցողներին հիշեցրել է ժամանակին նրանց արված իր խիստ քննադատությունը, որ «Հայաստանով չեն զբաղվել»:


Այնուհետև նա անցավ բարձրացված հարցերին՝ նշելով, որ առաջին հերթին խոսել են «Մարտի 1-ի» խնդրի մասին: «Ես արձանագրեցի, որ իրենք այդ թեման լրջորեն քննարկում են, և մենք որևէ առիթ բաց չենք թողել այս հարցը բարձրացնել, ասացի, որ ցուցարարների նկատմամբ մահացու զենք բարձրացնելն ամենավտանգավոր երևույթն է և համեմատություն ենք անցկացրել Ուկրաինայի դեպքերի հետ: Ասացինք, որ եթե դուք ժամանակին «Մարտի 1-ի» դեպքերին ճիշտ արձագանք տայիք, և ստիպեիք ՀՀ իշխանություններին գտնել մեղավորներին, գուցե Յանուկովիչը չկարողանար նույնքան անպատիժ ձևով դա իրականացնել և այսքան զոհ չլիներ»,- նշեց նա:


Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինքը համազեկուցողներին ասել է, որ իշխող ուժի հետ համաձայնության էին եկել, որ ժամանակավոր հանձնաժողով պետք է ստեղծվի և ուսումնասիրվի ««Մարտի 1-ի» սպանությունների պարտակումը», և նրանք խնդրել էին, որ հիմնական միջոցառումների ավարտից հետո հանձնաժողովը ստեղծվի, որպեսզի հարցը չքաղաքականացվի:


«Փաստորեն իրենք հենց իրենց խոստումը դրժեցին, ասացին, որ սա գլխավոր ապացույցներից մեկն է, որ շղթան տանում են հենց պետության ղեկավարները, և դրանով է պայմանավորված այս ամբողջ պարտակումը»,- նշեց նա և ավելացրեց, որ ինքը նաև տեղեկացրել է, որ զոհերի ծնողների անունից է խոսում, որովհետև հանդիպումից առաջ նրանք խնդրել էին հարցը փոխանցել:


Հաջորդ հարցը, ըստ Զուրաբյանի, վերաբերվել է «ընտրական կեղծարարության համակարգին»: «Ընտրացուցակներում 700 000 մարդու անուն կա, որ ավելանում է ընտրությունները կեղծելու նպատակով, և, ըստ այդմ էլ, Հայաստանում ընդհանրապես հնարավոր չէ իշխանափոխություն: Իրենց հետաքրքրությունը բավականին բարձր էր և խնդրեցին ավելի մանրամասն հաշվետվություն դրա մասին»:


Զուրաբյանը նշեց, թե ինքը բացատրել է, որ ՀՀ ժողովրդագրական բոլոր ցուցանիշները 1991-ից սկսած անկում են ապրում, ու միակ ժողովրդագրական ցուցանիշը, որը մշտապես աճում է Հայաստանում, դա ընտրություններում պաշտոնական մասնակցության թիվն է:


Վեր բարձրացված երրորդ խնդիրը հեռուստատեսության խնդիրն է, որը խիստ հսկողության տակ է գտնվում և ՀԱԿ անդամները նշել են, որ Հայաստանում հեռուստատեսության խնդրի լուծումը կլինի այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը կկարողանան իրենց հեռուստատեսային ալիքն ունենալ:


Չորրորդ խնդիրը վերաբերվել է սահմանադրական բարեփոխումներին: «Ես պարզաբանեցի, որ մեր դիրքորոշումն այն է, որ երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացը չի բխում Սահմանադրության խնդիրներից, և մենք Սահմանադրության փոփոխության կարիք, ըստ էության, չունենք: Այդ փոփոխությունները միայն վերարտադրման նպատակով է նախաձեռնվել այս ռեժիմի կողմից»,- նշեց նա:


Վերջին խնդիրը վերաբերվել է քաղբանտարկյալների խնդրին. «Ասել ենք, որ ուշադիր հետևում ենք Շանթ Հարությունյանի և Վոլոդյա Ավետիսյանի խնդրին և մոտ ժամանակում մեր կարծիքը կհայտնենք, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ԵԽ-ի կողմից ընդունված քաղբանտարկյալի մասին չափանիշներին»:


Լևոն Զուրաբյանն ամփոփեց, որ հակառակ կողմը ոչ մի դիրքորոշում չի հայտնել, այլ միայն ասել է, որ եկել են լսելու: