Չինաստանը մտադիր է կառուցել աշխարհի ամենաբարձր աշտարակը, որը կվերացնի երկրի էկոլոգիական ճգնաժամը (լուսանկար)
Ներկայիս ճարտարապետական կառույցներն ու շինարարական ոլորտի նոր միտումները ապագայի շունչ են հաղորդում աշխարհի մեգապոլիսներին:
Ինչպես գրում է Business insider-ը՝ նման դիզայներական նախագծերից մեկը ներկայացրել է Chetwoods բրիտանական ճարտարապետական ընկերությունը, որը պատրաստվում է իր դիզայնով գերազանցել աշխարհի ամենաբարձր աշտարակին՝ Դուբայի «Բուրջ Խալիֆային»: 1000 մետր բարձրություն ունեցող կառույցը, որը կանգնեցվելու է ջրի վրա, կարող է լուծել Չինաստանի օդի աղտոտվածության աղետալի խնդիրը ցանկացած մակարդակում:
«Փյունիկ աշտարակի» (The Phoenix Towers) շնորհիվ Chetwoods ընկերությունը հույս ունի մոխրից վեր հանել չինական Վութան քաղաքը՝ կիրառելով համալիր մեխանիկական համակարգ, որը միաժամանակ կմաքրի քաղաքի օդն ու ջուրը, կկուտակի արևի, քամու և ջրածնի էներգիան, որը կկիրառվի կառույցի ներսում գտնվող այգիներում, ռեստորաններում: Նորարար կառույցը կոչված է վերացնելու Չինաստանի խոշորագույն էկոլոգիական ճգնաժամը:
Բացի էներգակայուն ունակություններից՝ դիզայներները նախագծելիս հաշվի են առել տեղական կրոնն ու փիլիսոփայությունը: Աշտարակների դիզայնում համադրվում են արևմտյան տեխնոլոգիաներն ու ճարտարապետությունը և չինական առասպելները. երկու աշտարակը ներկայացնում են չինական առասպելաբանության մեջ հայտնի Ֆենիքս երկսեռ թռչնի կերպարը:
Փյունիկ աշտարակները կոնցեպտից իրականության կվերածվեն առաջիկա երեք տարվա ընթացքում:













