Պետդումայում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ

13:23 • 17.06.14

ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն առաջարկել է Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանել։ Այդ մասին հունիսի 17-ին նա հայտարարել է Պետդումայի նիստին, գրում է korrespondent.net-ը:


«Ես կարծում եմ, որ մենք պետք է մշակենք Ուկրաինայի, այդ թվում՝ Ուկրաինայի ղեկավարության անդամների նկատմամբ անհատական պատժամիջոցների համակարգ»,- հայտարարել է Պուշկովը:

 

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը պետք է Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականությունը վերագնահատի: «Մենք պետք է ավարտենք Ուկրաինայի հետ գործընկերության մասին խոսակցությունները՝ մինչև Ուկրաինան նման գործընկերության պատրաստակամություն չցուցաբերի»,- հայտարարել է Պետդումայի հանձնաժողովի ղեկավարը:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը: