Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը: Այս մասին Tert.am-ին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ նշելով, որ Սամվել Գևորգյանը վաղուց ուղեղի կաթված էր ստացել և մեկ շաբաթ առաջ բարդացում էր եղել ու նա կոմայի մեջ էր ընկել:
Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948թ. հոկտեմբերի 2-ին Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ:
1971-72-ին աշխատել է ուսուցիչ Թալինի շրջանի Ն. Բազմաբերդ գյուղում, 1972-73-ին` «Աշտարակ» թերթում, 1973-89-ին` հեռուստառադիոպետկոմում խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ, 1989-1991-ին` «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1991-93-ին` հեռուստապետ-վարչության պետ, 1993-95-ին` ՀՀ Նախագահի խորհրդական: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
1995-ի հուլիսի 28-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ էր, ՀՀՇ վարչության անդամ:










