Սերժ Սարգսյանը երկրպագում է Հայաստանի հավաքականին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկրպագում է Հայաստանի ազգային հավաքականին, բայց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը համակրում է Գերմանիայի ու Բրազիլիայի հավաքականներին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդշարին տված հարցազրույցում ասել է Նախագահը:
«Ես երկրպագում եմ Հայաստանի ֆուտբոլային հավաքականին, բայց հաճույքով դիտում եմ այլ ֆուտբոլային խաղեր: Առաջնության ընթացքում մի քանի խաղ նայել եմ, կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ու դիտարժան առաջնություն է: Ես տասնամյակներ շարունակ մշտապես համակրել ու դիտել եմ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների խաղերը, բայց առիթը բաց չեմ թողել՝ հիանալու Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի խաղերով»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ առաջնության ամենագրավիչ պահը գոլառատությունն է՝ «էլ ի՞նչ ֆուտբոլ՝ առանց գոլի»:
Նախագանը ընդգծեց, որ կցանկանար, որ առաջնության ընթացքում հաղթանակ տանի Գերմանիայի ընտրանին, որ Հայաստանը հետո կարողանար ասել՝ պարտվել ենք, բայց պարտություն կրեցինք աշխարհի չեմպիոնից:










