Շումախերն արձագանքել է կնոջ ձայնին
«Ֆորմուլա- 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ում՝ կոմայից դուրս գալու մասին լուրը երեկ կայծակնային արագությամբ տարածել են գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները, արդեն ի վիճակի է արձագանքել կնոջ ձայնին։
Ինչպես նշում է mirror.co.uk-ը, մարզիկի գործակալ Սաբինա Քեմը տեղեկացրել է, որ բացի այդ 45-ամյա Շումախերը ժամանակ առ ժամանակ կարողանում է առանց կողմնակի օգնության ինքնուրույն շնչել։
Գերմանական Bild պարբերականը հավելում է, որ ի տարբերություն շրջապատի այլ ձայների մարզիկն առանձնահատուկ արձագանքում է կնոջ՝ Կորինայի ձայնին։
Նշվում է, որ անցած տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում գլխուղեղի լուրջ վնասվածք ստանալուց ու կոմայի մեջ հայտնվելուց հետո մարզիկը կորցրել է մոտ 20 կգ քաշ։
Քեմը հավելել է, որ կոմայից դուրս գալուց հետո Շումախերն արդեն տեղափոխվել է Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր վերջին 6 ամսվա ընթացքում։ Այժմ նա բուժվում է շվեյցարական Լոզան քաղաքի կլինիկաներից մեկում։
Ստորև ներկայացնում ենք The Daily Mail պարբերականի հրապարակած ուշագրավ ֆոտոշարքը՝ Շումախերի ու նրա կնոջ մասնակցությամբ։































