Սևանա լճի բացման սեզոնին ընդառաջ փրկարարը նախազգուշացում է, որ ջրահեղձումների 80 տոկոսը լինում է խմած` ջուրը մտնելու հետևանքով
Եթե մինչև այս տարի Սևանի հանրային լողափերին սեզոնին իրականացվել է 24-ժամյա փրկարարական ծառայություն, ապա այս տարի նախատեսվում է իրականացնել առավոտյան 9-ից մինչև երեկոյան 21-ը: Իսկ գիշերը տարածքում կլինեն «Սևան» ազգային պարկի պահակները:
Այս մասին Tert.am –ին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:
Հանրային լողափերը «Սևան» Ազգային պակի տրամադրության տակ են և ներկա պահին բաց չեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում Սևանի հանրային լողափերը բացվում են հուլիսի 1-15-ը՝ կախված եղանակային պայմաններից: Իսկ հանրային լողափերը երեքն են, երկուսը՝ Սևան քաղաքի մոտ, մեկը՝ թերակղզու տարածքում:
Իսկ Սևանա լճում դժբախտ պատահարների վիճակագրությունը չի փոխվում:
«Անցած տարի հունիսի 17-ին եղավ առաջին դժբախտ դեպքը. ոչ սթափ վիճակում մտել էր, 20 -22 տարեկան տղա էր, տարբերանշաններն անցել էր: Սեզոնի ընթացքում այդ մի դեպքն է եղել, մնացածն արդեն ձկնորսներն են եղել, երբ մեկի նավակն էր շուռ եկել, մյուս երկուսն էլ նավակից ընկել էին ու խեղդվել»,-հիշեց փրկարարը:
Չնայած դեռ Սևանի սեզոնը չի սկսվել, արդեն փրկարարները երկու հոգու փրկել են խեղդվելուց, երբ նրանց նավակները ուժեղ քամին քշել –տարել է լճի կենտրոն:
Ի պատասխան հարցի, թե գո՞հ են ձեռքի տակ եղած տեխնիկայից, փրկարարը նշեց, որ հիմնականում խնդիրներ կան մոտորանավակների առոմով, բայց վիճակը տարեցտարի բարելավվում է:
«Մեծ ուշադրություն է դարձվում, հնարավորության դեպքում նոր գույքով ապահովվում ենք»,-ավելացրեց:
Նրա ղեկավարած ջոկատն ունի 44 անդամ, 6 մոտորանավակ՝ հանրային լողափերում ծառայություն իրականացնելու համար, մեկ մեծ նավ ՝ նախատեսված գիշերային որոնողական աշխատանքների համար:
Ամենաշատը Արմեն Ճզմաչյանը հպարտանում է անցած տարի ձեռք բերված ջրային որոնողական- հետախուզական սարքով, որը նվեր են ստացել Ռուսաստանի Դաշնությունից:










