Մեծ Բրիտանիան մտադիր է վերաբացել Իրանում իր դեսպանատունը
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է բարելավել հարաբերություններն Իրանի հետ ու այնտեղ վերաբացել իր դեսպանատունը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ շատ շուտով Մեծ Բրիտանիան մայրաքաղաք Թեհրանում կվերաբացի իր ներկայացուցչությունը։
«Կարծում եմ՝ հիմա հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ճիշտ է Թեհրանում վերաբացել մեր դեսպանատունը»,- խորհրդարանում հայտարարել է Հեյգը՝ հավելելով, որ նա այս հարցն արդեն քննարկել է իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։
Աղբյուրը հավելում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունն Իրանում փակվել է 2011թ. վերջին, երբ Միացյալ Թագավորության վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերը զանգվածային բնույթ են ստացել։ Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են անցած տարվա նոյեմբերին։














