ՄԱԿ-ում մերժել են Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ռուսական նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում մերժել են Ռուսաստանի ներկայացրած Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը, գրում է korrespondent.net-ը:
Դա արդեն Անվտանգության խորհրդում հունիսին նախագահող Ռուսաստանի երկրորդ փորձն էր՝ առաջարկել Ուկրաինայի իրավիճակը կարգավորելու պլանի սեփական տարբերակը:
Ռուս դիվանագետները ցանկություն են հայտնել կանխել Ուկրաինայի արևելքում հումանիտար իրավիճակի վատթարացումն ու կառավարական զորքերի և զինված անջատողականների միջև կոնֆլիկտի սրումը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ նախագծում հաշվի են առնվել Անվտանգության խորհրդի մյուս անդամների նկատողությունները, մասնավորապես՝ հղումներ կան Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Սակայն միջազգային հանրությունը կասկած է հայտնել Ռուսաստանի անկեղծության առնչությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագիծ էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հունիսի 12-ին: Այն նախատեսում էր հակադիր ուժերի միջև կրակի դադարեցում, ինչպես նաև ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզին» աջակցություն:










