Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի հետ կապված հարցեր

20:18 • 18.06.14

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Միջին Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս իրավիճակի իրենց գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները, հստակեցրին ապագա աշխատանքների ծրագրերը:


Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից՝ Գագիկ Բեգլարյանը կարևորել է Տրանշ 3-ի փաստաթղթային և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը:
«Մեզ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է գործադրվող բոլոր ջանքերը կրկնապատկել, լինել հետևողական՝ նախկինում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում բացառելու համար»,-ասել է նախարարը:


Քլաուս Գերհաուզերը խնդրել է նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ։ Նա նշել է, որ այդ խնդիրը խոչընդոտներ կարող է առաջացնել Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար: Նախարարն ընդգծել է, որ հողերի օտարման գործընթացում, անշուշտ, կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այդ աշխատանքները հնարավորինս արագացնելու համար: