Չինաստանն արհեստական կղզիներ է կառուցում վիճելի տարածքներում
Չինաստանը Հարավչինական ծովում արհեստական կղզիներ է կառուցում, որոնք նպատակ ունեն ամրապնդել այդ երկրի հավակնությունները վիճելի տարածքներում, հայտնում է The New York Times-ը:
Սպիտակ ավազով, փիրուզագույն առափնյա ջրերով նոր կղզիները կարող են նախևառաջ տուրիստական հայտնի ուղղություններ հիշեցնել, նկատում է աղբյուրը, սակայն դրանք միայն վերջերս են ի հայտ եկել:
Այս տարվա ապրիլից Չինաստանը Սփրաթլիի կղզիախմբի տարածք է փոխադրում ավազ՝ խութերի վրա կղզիներ ստեղծելու նպատակով: Ըստ մասնագետների գնահատականների՝ կղզիներն ունակ կլինեն մեծ թվով շինություններ կրել իրենց վրա, հարմար են մարդու բնակության, ինչպես նաև՝ տեսահսկման սարքերի ու նույնիսկ ռադարի տեղակայման համար։
Աղբյուրը հրապարակել է համապատասխան լուսանկար և նկատել, որ կղզիների կառուցումը հարուցել է Վիետնամի, Ֆիլիպինների և Հարավ-արևելյան Ասիայի այլ երկրների վրդովմունքը, որոնք ևս տարածքային պահանջներ ունեն Սփրաթլիի շրջանում:












