Չինացի միլիարդատերը Նյու Յորքում 1.000 աղքատ ամերիկացու հրավիրել է ճաշի

13:52 • 18.06.14

Չինացի միլիարդատեր Չեն Գուանբյաոն 1.000 աղքատ ամերիկացու հրավիրել է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում կայանալիք բարեգործական ճաշի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The South China Morning Post-ին: Այդկերպ գործարարը ցանկանում է փոխել ԱՄՆ բնակիչների կարծիքը հարուստ չինացիների մասին:

 

Նախատեսվող միջոցառման մասին հայտարարություններն արդեն հրապարակվել են The New York Times-ում և The Wall Street Journal-ում: Այդ գովազդային հաղորդագրությունների մեջ գործարարը հույս է հայտնել, որ բարեգործական ակցիայի շնորհիվ ամերիկացիները կհասկանան, որ ոչ բոլոր հարուստ չինացիներն են «խելքահան» լինում էլիտար շոփինգից: Ավելի վաղ Չեն Գուանբյաոն ապարդյուն փորձել էր գնել The New York Times-ը, հիշեցնում է թերթը:

 

Բացի անվճար ճաշից, միջոցառման հյուրերին կնվիրեն ավանդական չինական կարմիր ծրարների մեջ դրված գումար: Յուրաքանչյուր այցելուի խոստացվել է 300-ական դոլար:


Ակցիան նախատեսված է հունիսի 25-ին: Ճաշի ժամանակ Չեն Գուանբյաոն պատրաստվում է կատարել We Are The World երգը:
Գործարարի խոսքով՝ արշավը նրան կարժենա առնվազն 1 միլիոն դոլար: