Քառյակը տապալեց «կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը. Ա. Մինասյան (տեսանյութ)
14.34
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին տեղեկացրին, որ քառյակը տապալել է «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի: «Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է քննարկման, Սահմանադրությանը չի համապատասխանում, առավել ևս, որ դրա մասին որևէ պատգամավոր տեղյակ չէ, չեն կարող քննարկել»,-ասաց նա։
«Քառյակը փորձեց տապալել, մեզ հաջողվեց երկու քվեարկություն ձախողել, ինչը պարտադրեց մեծամասնությանը, որ իրենք այլևս որևէ հարց չդնեն այսօր քվեարկության, փորձեն անցնել օրակարգային հարցերի քննարկմանը»,–հավելեց նա։
Թե այդ գործընթացն ինչ ընթացք կունենա, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դժվարանում են այս պահին պատասխանել, բայց վստահ է, որ իրենք բոլորն այդ հարցում միասնական են և փորձելու են թույլ չտալ հարցի քննարկումը և քվեարկությունն առնվազն այնքան ժամանակ, քանի չի հրապարակվել նախագիծը և հանրությունը ծանոթ չի փաստաթղթին:
«Նաև քաղաքական պահանջները չեն իրացվել այդ փաստաթղթում, ու այդ փաստաթուղթը չի համապատասխանեցվել բարձր դատարանի որոշման պահանջներին»,-ասաց նա:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Լևոն Զուրաբյանն ասաց, որ առաջին անգամ հաջողվեց տապալել քվեարկությունը. «Նման բան չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա ինչ-որ հարց չանցկացնել: Փաստը մնում է փաստ, որ նրանք հիմա մնացել են մեծամասնության շեմի վրա, այսինքն՝ ցանկացած պահի իրենք կարող են քվորումի խնդիր ունենալ, հիմա իրենք զբաղված են իրենց պատգամավորներին հավաքելով»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, այսինքն՝ քննարկելու որևէ նյութ չկա: Իսկ եթե ՀՀԿ-ն բերի էլ իր պատգամավորներին, ցանկացած քվեարկությունը կտեղափոխվի վաղը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն էլ ավելացրեց, որ քառյակը պաշտպանեց կանոնակարգ–օրենքը, ինչի արդյունքում խորհրդարանում ճգնաժամ առաջացավ և տապալվեց քվեարկությունը:
13.30
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներն այս պահին ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ են՝ Դեմիրճյան փողոցի կողմից՝ իրենց բողոքն արտահայտելու «կուտակային» վճարները «նպատակային սոցիալական վճար» դարձնելու՝ ՀՀ կառավարության նախագծի դեմ, որն այսօր ԱԺ-ն պետք է հաստատի:
Նրանք դեռ առավոտյան հավաքվել էին ԱԺ գլխավոր մուտքի դիմաց, սակայն երբ իմացել են, որ ներսում քվորում չլինելու պատճառով ընդմիջում է հայտարարվել, տեղափոխվել են այն մուտքի մոտ, որտեղից պատգամավորներն են ներս մտնում:
Ինչպես լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը, իրենք մտածում են հետագա քայլերի մասին, հնարավոր է նաև փակեն մուտքը և թույլ չտան պատգամավորներին ներս մտնել:
Այս պահին նրանք «ամոթ, ամոթ» են վանկարկում շենքից դուրս եկող պատգամավորների ետևից:










