Ֆինլանդիայում կողմ են 2015-ից հետո ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացմանը

23:03 • 18.06.14

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, թեև ֆինների 80 տոկոսը դեմ է հյուսիսատլանտյան դաշինքին միանալուն:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ռազմական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ հարցով հանրաքվեն կարող է կայանալ 2015-ի խորհրդարանական ընտրություններից հետո:


«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հիմքերն այժմ ավելի լուրջ են, քան նախկինում», - հայտարարել է Հագլունդը՝ որպես պատճառ ընդգծելով 2008-ի պատերազմը Հարավային Օսիայում և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:


«Թեև Ռուսաստանն այժմ վտանգ չի ներկայացնում Ֆինլանդիայի համար, այս իրավիճակն անկանխատեսելի է»,- հավելել է 35-ամյա նախարարը:


Երկրի նոր վարչապետ Ալեքսանդր Ստուբը ավելի վաղ ևս հայտարարել էր, որ 2015-ից հետո կցանկանար երկիրը տեսնել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: