Համալիրը պետք է ծառայի այն նպատակին, ինչի համար կառուցվել է. քանդակագործ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի միակ հեղինակ Ֆերդինանտ Առաքելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համալիրի աճուրդի խնդրին, ասաց, թե թույլ չեն տա, որ Երևանի Երիտասարդական պալատի ճակատագիրը կրկնվի:
«Ես խոսել եմ բոլորի հետ, մի բաց նամակ էլ գրելու եմ Նախագահին»,-ասաց քանդակագործը՝ շարունակելով. «Ես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և՛ հեռուստատեսությամբ, և՛ մամուլով. մենք չենք թողնի, որ կրկնվի Երիտասարդական պալատի խնդիրը: Մենք այդ հարցը դրել ենք, որ իրավունք չունեն քանդելու, փոխելու, անվանափոխություն անելու, որ տվյալ կառույցը պետք է ծառայի այն նպատակին, ինչի համար ծառայել և ինչի համար կառուցվել է»:
Մարզահամերգային համալիրի հետագա ճակատագրի մասին խոսելով՝ Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, թե իրենց ուզած կետն արդեն կա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի աճուրդին վերաբերող հատվածում, այն է՝ իրավունք չունեն կառույցի նշանակությունը փոփոխել, որովհետև այն պատմամշակութային արժեք է:
«Մեր խնդիրն այն է, որ շենքերը պահպանվեն այնպես, ինչպես կան»,-ասաց քանդակագործը:










