Մեր պատվիրակությանը Բաքվի հայկական եկեղեցու տարածքում հաջողվել է լինել միայն մեքենայով՝ անվտանգության նկատառումներով

14:30 • 18.06.14

Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած հայաստանյան պատվիրակության անդամներին Բաքվի հայկական եկեղեցու (փակ եկեղեցի) տարածքում հաջողվել է լինել միայն մեքենայով՝ անվտանգության նկատառումներով։

Այս մասին Tert. am-ին հայտնեց պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

«Առաջարկեցին ավտոմեքենայից դուրս չգալ՝ պատճառաբանելով, որ այդ թաղամասը խիտ բնակեցված տարածք է և ցանկալի չէ՝ նաև անվտանգության տեսանկյունից»,-հայտնեց Կորյուն Նահապետյանը:

Նույն նկատառումներով նրանք Ադրբեջանի մայրաքաղաքում ծովածոցի «մի հատվածում» մի քանի րոպեով եղել են ու վերադարձել: «Դա եղել է մեր երեկվա ամբողջ տեղաշարժը Բաքվում»,-մանրամասնեց Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պետական պահպանություն իրականացնող անձինք իրենց հայտնել են նաև, որ քանի որ Կորյուն Նահապետյանի, Թևան Պողոսյանի և Ռիչարդ Կիրակոսյանի լուսանկարներն արդեն բավականաչափ տպագրվել են ադրբեջանական մամուլում ու կայքերում, ցանկալի չէ նաև նրանց շփումները փողոցում՝ անցորդների հետ։ 

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ մեր պատվիրակության անդամները հրաժարվել են մասնակցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի անունից տրված ճաշին, ապա Կորյուն Նահապետյանը մանրամասնեց, որ պատճառը եղել է դրա նախորդ օրը նրա պահվածքը: Հիշեցնենք, որ Զիյաֆեթ Ասկերովն առաջարկել էր հեռացնել հայկական պատվիրակությանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ից: 

Իսկ այսօր ըստ մեր պատվիրակության ղեկավարի՝ «Իրանի և տարածաշրջանային անվտանգություն» քննարկված թեմայի շրջանակներում, ինչպես միշտ, ադրբեջանական պատվիրակները կրկին բարձրացրել են օկուպացված տարածքների հարցը: 

Հիշեցնենք , որ հաջորդ տարի «Rose-Roth» սեմինարը նախատեսվում է անցկացնել Երևանում։