ԱՄՆ Լոնգ-Այլենդ կղզում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել բնակելի տարածք
Նյու Յորք նահանգի հարավում գտնվող Լոնգ-Այլենդ կղզում Lancair թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ինքնաթիռի օդաչուն մահացել է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը, գրում է korrespondent.net-ը:
Ինքնաթիռն ընկել է Լոնգ-Այլենդի տներից մեկի բակում և այրվել: Ականատեսների խոսքերով՝ 53-ամյա օդաչուն, ով վթարից առաջ օգնություն է խնդրել, փորձել է խուսափել տների հետ բախվելուց և ինքնաթիռն ուղղել է դրանց միջև ընկած հատված:
«Ես նայեցի՝ որտեղ այն ընկավ, և տեսա, ինչպես է սև ծուխը բարձրանում վերև: Մենք բոլորս վազեցինք այնտեղ: Ողջ բակն ուղղակի կարծես դժոխք լիներ: Այն այրվում էր»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը:
Ապահովության համար վթարի վայրից մոտակա տների բնակիչները տարհանվել են:










