Մենք նահանջի տեղ չունենք. Լյուդմիլա Սարգսյանը՝ 12 կետի շուրջ Սերժ Սարգսյանի տեսակետի մասին
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չի կարծում, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի կողմից իշխանությանը ներկայացված պահանջների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը, թե վերջիններս լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, առիթ կդառնա, որ քառյակը վերանայի որոշ ձևակերպումներ:
«Չեմ կարծում, որովհետև այդ ձևակերպումները շատ երկար աշխատանքի արդյունք են, դրանք վերանայել հնարավոր չէ, որովհետև դրանք այն կետերն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս փուլում, այնպես որ՝ մենք նահանջի տեղ չունենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել էր, որ ծանոթացել է քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջներին և կարծում է, որ փաստաթուղթը կազմողները մի քիչ շտապողականություն են ցուցաբերել ու որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, և եթե քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն «պարտադրում ենք», «պահանջում ենք» բառերը:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը մտածում է, որ այսուհետ ընդդիմությունը պետք է խնդրի ինչ-որ բան. «Շատ տարօրինակ է, որ նա կարող է ընդդիմության մասին այդքան վատ մտածել: Մենք արմատական ընդդիմություն ենք, մենք գիտենք երկրի խնդիրները, մենք ձևակերպել ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերը և որպես պահանջ ներկայացրել ենք Կառավարությանը, որովհետև Կառավարության՝ այդ պահանջներն ընդունելուց և իրականացնելուց կամ չիրականացնելուց են կախված մեր հետագա գործողությունները, որովհետև այսպես շարունակել ուղղակի անհնար է, ժողովուրդն այլևս սպասելու հնարավորություն և ցանկություն չունի, դատարկվում է երկիրը»,-ասաց նա՝ հավելելով. «12 կետն ամեն դեպքում՝ ո´չ թե որպես քառյակի պահանջ կարելի է ձևակերպել, այլ, ինչպես ընդդիմադիր պատգամավորը նշեց, որպես ժողովրդին անհրաժեշտ բարեփոխումների գործընթաց, որն իշխանությունը կա´մ կատարում և գոհացնում է ժողովրդին, կա´մ մերժում է, և այլևս որևէ բան մենք չենք ունենա խոսելու ո´չ Կառավարության, ո´չ վերին իշխանության հետ»:
Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանը թող ինքը որոշի, թե որքան կարող է համառել ու դիմադրել: «Իմիտացիոն քայլերով այլևս հնարավոր չէ խաբել ո՛չ քաղաքական այրերին, ո՛չ ժողովրդին: Եթե կանեն՝ բարի, չեն անի՝ մեր մոտեցումը շատ հստակ է՝ կա´մ ամբողջական իշխանափոխություն, կա´մ էլ բարեփոխումներ են կատարում և մի փոքր երկարացնում իրենց իշխանությունը»,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը՝ շեշտելով, որ քառյակն ակնկալում է այդ 12 կետի իրականացում, որովհետև իրենց խնդիրը երկրում իրավիճակ փոխելն է:










