Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ համառոտ կերպով ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ:
«Հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմինը Երևանի ավագանին է, որն ընտրվում է երևանցիների կողմից, կառավարման մեր քաղաքականությունն էլ, ըստ այդմ, հենվում է բնակիչների հետ սերտորեն համագործակցելու և բարձրացվող խնդիրներին հետզհետե լուծում տալու վրա: Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրն էլ, մեծ հաշվով, նաև մշակվել է երևանցիների կողմից հրատապ դիտարկվող խնդիրներին լուծում տալու առաջնահերթությամբ, ընդ որում, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ Երևանում առկա բազում խնդիրներ տասնամյակների պատմություն ունեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ նաև իրականացվում են ընթացիկ և հեռանկարային ծրագրեր, որոնք կապահովեն մայրաքաղաքի համաչափ զարգացումը:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետը առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ: «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը:
Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն Պետցոլդ, ակնկալում եմ, որ նաև Ձեր և պարոն դեսպանի գործուն աջակցությամբ գործընկերային կապեր կհաստատենք Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան: «Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա այստեղ, արդեն իսկ խոսուն վկայությունն են այն բանի, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ իմ կողմից կանեմ հնարավորը գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցություն ձևավորելու ուղղությամբ»,-նշել է Մարտին Պետցոլդը:
Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ևս ողջունել է գերմանական քաղաքների հետ գործընկերային սերտ կապեր հաստատելու Երևանի քաղաքապետի դիրքորոշումը և իր հերթին վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի հնարավորին կարճ ժամանակում այդ հարաբերությունները ձևավորելուն և զարգացնելուն:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:










