Ուկրաինայի նախագահն արգելել է ուկրաինական որևէ ռազմական արտադրանք արտահանել Ռուսաստան
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի երեկոյան «կտրականապես արգելել է ռազմական ոլորտում համագործակցել Ռուսաստանի հետ», հայտնում է «Իզվեստիյա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեմայի հայտարարությունը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դադարեցրել էր ռազմական արտահանումը Ռուսաստան, բացառությամբ երկակի նշանակության արտադրանքի՝ ինչպիսին են ուղղաթիռների շարժիչները: Այժմ արգելված է նաև վերջինիս արտահանումը:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այս որոշմանն արձագանքել է՝ նշելով, որ սա ուշացած որոշում է, քանի որ դեռ հունիսի 10-ին Ռուսաստանը որոշել էր ամբողջովին փոխարինել ուկրաինական արտահանման ապրանքները:
Ուկրաինան հիմնականում ТВ3-117 շարժիչներ ու դրանց մոդիֆիկացիաներ է արտահանում Ռուսաստան, որոնք օգտագործվում են քաղաքացիական և ռազմական ուղղաթիռների համար:
Ռուսաստանում կարծում են նաև, որ Ուկրաինայի նախագահի որոշումը պայմանավորված է նրա՝ ԵՄ-ին ներկայացված պահանջով, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Սակայն ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ արտահանումն այսուհետև ևս կշարունակվի, սակայն առանց դրա մասին բարձրաձայնելու: Հակառակ դեպքում ուկրաինական գործարաններում զանգվածային ազատումներ են սպասվում:










