Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Հունիսի 17-ին Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ջերմությամբ է հիշում դեռ 6 տարի առաջ՝ 2008թ. հունիսին իրենց ունեցած առաջին հանդիպումը, գոհունակություն հայտնել երկու երկների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծել, որ Գեմրմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ։
Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին շրջանում նոր թափ են ստացել, որի վկայությունն են երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերով երկու երկների միջև համագործակցությունը հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել։
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Գերմանիան Եվրոպայում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Նախարարները գոհունակությամբ ընդգծել է, որ առկա է շուրջ երեք տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը՝ Հայաստանում գործում են գերմանական կապիտալով մոտ 100 ընկերություն, ակտիվանում է գիտակրթական և մշակութային համագործակցությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձել են միջազգային և տարածաշրջնայաին մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, Իրաքում տիրող իրավիճակին:
Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Նախարարներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին: Ընդգծվել է, որ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել պարբերական հանդիպումները։
Նախարար Նալբանդյանը հրավիրել է Գերմանիայի արգործնախարարին՝ այցելել Հայաստան։
Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումէ ունեցել վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։










