Ժամանակավոր խաբկանքներ են. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է «կարմիր գծերի» վերջնական կասեցում
Վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իրենց պահանջները դեռ ուժի մեջ են և կհասնեն դրանց վերջնական կատարմանը:
Նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանն ասաց, որ կարդացել է Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի բոլոր այն որոշումները, որոնցով սեպտեմբերից պետք է նվազեցվեն արագաչափերի արձանագրած տուգանքների չափերը, ինչպես նաև վճարովի կայանատեղիների համար նախկին 5 րոպեն 15 դարձվի։ Բանախոսը նշեց, որ դրանցում որևէ կետ իրենց պահանջների հետ կապ չունի:
Նախաձեռնության մեկ այլ անդամ էլ՝ Արտաշես Միսակյանը, ավելացրեց. «Դա ժամանակավոր խաբկանք է, մեզ համար միակ լուծումը կարմիր գծերի վերջնական կասեցումն է»:
Վարորդներից մեկի խոսքով՝ դա ապօրինի գումարների գանձում է. «Ինչի՞ համար մենք պետք է վճարենք մեր քաղաքում կայանելու համար, դա հանրային սեփականություն է համարվում: Իշխանությունները շատ բաներ կարող են ասել, բայց թող համաձայնեցնեն մեզ հետ, մենք իրենց նշանակել ենք, որ ծառայեն ժողովրդի շահերին»:
Նա նաև բողոքեց, թե Ոստիկանությունը հայտարարում է, որ ամեն մի կմ/ժամ գերազանցված արագության համար հազար դրամ է ավելանում սահմանված տուգանքին. «Մենք ո՞նց իմանանք 71, 72, թե՞ 73 կմ/ժամ ենք գնացել»:
Նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին վաղը կայանալիք անհնազանդության ավտոերթի մասին՝ ներկայացնելով իրենց չորս պահանջները.
1. վերացնել կարմիր գծերը,
2. հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:










