Կ. Քոչարյանը կողմ է ՎԻ օրենսգրքի փոփոխություններին, բայց դեմ է «ջեբկիրությանը»

21:02 • 18.06.14

Ընտրական տեխնոլոգիաների և PR մասնագետ Կարեն Քոչարյանը դեմ չէ, որ արագությունն էականորեն գերազանցելու համար ՀՀ ոստիկանությունը նախատեսում է անհամաչափ բարձր տուգանքներ սահմանել և 80 կմ/ժամ արագությամբ մայրուղում 170 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար նախատեսվող 500 հազար դրամը «դեռ մի բան էլ քիչ է համարում»:


«Պետք է 1 միլիոն 500 հազար սահմանեին»,- Tert.am-ին ասաց Կարեն Քոչարյանը, բայց ասաց, որ դեմ է, երբ ոստիկանությունը զբաղվում է «զուտ ջեբկիրությամբ»:


Պետական մակարդակով գրպանահատություն ասելով՝ նա նկատի ունի մի շարք իրավախտումների համար նախատեսված բարձր տուգանքները, երբ վարորդն զգում է, որ իրենից կոնկրետ փող են ուզում «կլպել»:

 

Քաղտեխնոլոգը նման բազմաթիվ օրինակներ բերեց՝ դրանք որակելով խուլիգանություն. «Էն, որ կղզյակներ կան անվտանգության հետիոտնային «զեբրաների» մոտ, որ եթե տրորում ես, ֆիքսում են, իսկ դա անհնար է չտորորել, կամ երբ կանգնելու տեղ չկա, հերիք չի ՝ «կարմիր գծերը» արել են, փողը վճարում ես, կանգնելու տեղ էլ չունես, մի փոքր էսկողմ ես կանգնում, միանգամից նկարում են»:

 

Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված է արագության գերազանցման և մի շարք այլ խախտումների համար գործող տուգանքների նվազեցում, սակայն նաև անհամաչափ բարձր տուգանքներ՝ արագության էական գերազանցման դեպքում:

 

Օրինակ՝ նախագծով առաջարկվում է արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսել 1000 դրամ տուգանք՝ յուրաքանչյուր 1 կմ/ժամ-ի համար, կամ եթե վարորդը գերազանցել է արագությունը 1 կմ/ժամով, այս պահին նախատեսված է 10.000 ՀՀ դրամ տուգանք, իսկ նոր օրենքով՝ 1000 ՀՀ դրամ: Թույլատրելի արագությունը 11-20 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժամ արագության համար նախատեսվող տուգանքը բազմապատկել 1500 դրամի չափով: