Մեկնարկել է Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով արդեն Վրաստանում է։
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 13։00-ին։ Հյուրերին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և Անվտանգության խորհրդի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին։
Այսօր տեղի է ունենալու Հավլաբարի նախագահական պալատում Սերժ Սարգսյանին ընդունելու պաշտոնական արարողությունը, ինչից հետո կայանալու է Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը, ապա՝ հանդիպումն ընդլայնված կազմով։
Երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ, իսկ հետո ՀՀ նախագահը կմասնակցի Սայաթ- Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառմանը։
Վաղը Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։










