Մանկապարտեզ է, ի՜նչ է. Շարմազանովը բարկացավ փոխնախարարի ուշանալու պատճառով և նիստն ընդհատեց (տեսանյութ)

18:22 • 18.06.14

Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումների» մասին օրենքի նախագծի քննարկումը տեղի չունեցավ, քանի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն այդպես էլ չներկայացավ նիստին, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նրան 5 րոպեից ավել սպասել չցանկացավ։


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ փոխնախարարն ուշանում է և մի քանի րոպե կսպասեն, այնուհետ հինգ րոպե սպասելուց հետո նյարդերը տեղի տվեցին։ «Ներողություն եմ խնդրում, բայց ԱԺ-ի բնականոն աշխատանքների համար ես պարտավոր եմ կանոնակարգ-օրենքը խախտել ու դադարեցնել նիստը»,- նշեց նա։


ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղից նկատեց, թե պետք է ժամանակին տեղյակ պահել Կառավարության ներկայացուցչին։


«Պարո՛ն Հարությունյան, ժամանակին տեղյակ պահելու համար նիստ վարողը չպետք է տեղյակ պահի, և ես չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորները պետք է այստեղ նստեն ու 10 րոպե սպասեն մեր հարգելի գործընկերներին։ Ես օգտվում եմ այդ իրավունքից, թող ինձ մեղադրեն, որ կանոնակարգ-օրենքը խախտում եմ, բայց ես չեմ պատրաստվում զեկուցողին սպասել 5 րոպեից ավելի։ Ցտեսություն, կհանդիպենք վաղը՝ ժամը 11-ին»,- ասաց նա և դուրս գալիս դժգոհեց. «Մանկապարտեզ է, ի՜նչ է »։