Աշխարհում ամենահազվագյուտ փոստային նամականիշն աճուրդում վաճառվել է 9 մլն դոլարով

09:21 • 18.06.14

Հայտնի փոստային նամականիշը՝ ութանկյուն «Բրիտանական վարդագույն Գվիանան», Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 9 միլիոն դոլարով: Այդկերպ այն դարձել է աճուրդում վաճառված աշխարհի ամենաթանկ նամականիշը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Ֆիլատելիայի արքայադուստր» ոչ պաշտոնական անվանումը ստացած «Բրիտանական վարդագույն Գվիանան» տպվել է 1856 թվականին Ջորջթաունում՝ ժամանակակից Գայանայի մայրաքաղաքում:

 

Տեղի փոստապետը թողարկել է նամականիշի երեք շարք, երբ երկիրը, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի գաղութ էր, չի ստացել Լոնդոնից խոստացված նամականիշների խմբաքանակը:

 

1 ցենտ արժողությամբ ամենաէժան շարքից  այսօր պահպանվել է միայն մեկ նամականիշ, որն էլ վաճառվել է Նյու Յորքում: «Բրիտանական վարդագույն Գվիանան» օգտագործվել է շատ կարճ ժամանակ՝ միայն թերթեր առաքելու համար: Աճուրդի կազմակերպիչների խոսքերով՝ դրա նախնական արժեքը գնահատվել էր 10-ից մինչև 20 միլիոն դոլար:

 

Մինչև 2010 թվականը նամականիշը պատկանել է մեծահարուստ Ջոն Դյուպոնին, ով դատապարտվել էր սպանության համար և մահացել բանտում: Նա ձեռք էր բերել նամականիշը 1980 թվականին 935 հազար դոլարով: