Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և մի շարք այլ ոլորտներում ակտիվ պայքարի համար մրցանակներ շնորհվեցին
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակում այսօր մրցանակներ ստացան անձինք ու կազմակերպություններ, որոնք պայքարում են Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխման, համայնքային ծառայության և ազատ խոսքի խթանման համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպությունը:
Մրցանակ շնորհվեց 7 անձի ու կազմակերպության: «Ազատության պաշտպան» մրցանակը շնորհվեց իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ մրցանակը հեղինակավոր է ու պարտավորեցնող, որովհետև դրան արժանացել են բազմաթիվ իրավապաշտպաններ, ովքեր կարող են օրինակ ծառայել շատ սկսնակ իրավապաշտպանների:
«Կարծում եմ, որ սա կանխավճար է այն ամենի համար, ինչ մենք առաջիկայում անելու ենք: Մենք՝ իրավապաշտպաններս, շատ քիչ ենք: Պաշտպանում ենք այլոց իրավունքները, մարդու իրավունքները: Պաշտպանե՛ք ձեր իրավունքները, որ մենք անգործ մնանք»,-ասաց նա:
«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվեց «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:
«Խիզախ կին» մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոնին»՝ կանանց իրավունքների ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված համարձակ պաշտպանության համար: Կենտրոնի ներկայացուցիչ Լարա Ահարոնյանը նշեց, որ ինչպես ամենուր իրավապաշտպանները, այնպես էլ իրենք, պայքար են մղում: «Նախ պայքար ենք մղում որպես ակտիվ կին այն հասարակական միջավայրերում, որտեղ մեզ թույլ չեն տալիս մուտք գործել»,-ասաց նա:
«Մեդիա գերազանցություն» մրցանակը շնորհվեց հետաքննող լրագրողների «Հետք» ասոցիացիային՝ հետաքննական լրագրության և մարդու իրավունքների լուսաբանման մեջ լրատվական պրոֆեսիոնալիզմի համար:
Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը շնորհվեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին: Քարահունջի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:
Վերջին՝ «Համայնքային ծառայություն» մրցանակին արժանացավ Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:












