Քլինթոնը պատմել է, թե ինչու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել Ռիչարդ Մորնինգսթարին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջերս լույս տեսած իր հուշագրություններում տեղ է հատկացրել նաև այն փաստին, թե ինչու է որոշել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել Ռիչարդ Մորնինգսթարին, գրում է haqqin.az-ը։
Քլինթոնը «Հարավային գազային միջանցքը» Եվրոպան Կասպիցի ավազանից բնական գազով մատակարարելու ամենահարմար նախագիծն է համարում։
«Համապատասխան համաձայնագրերի ստորագրմանը հասնելու համար ես նշանակեցի Ռիչարդ Մորնինգսթարին։ Այդ հարցը բարդանում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բազմամյա հակամարտության պատճառով։ Մորնինգսթարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կառուցողական հարաբերություններ էր հաստատել, և այդ պատճառով էլ ես նրան դեսպան նշանակեցի այդ երկրում»,-գրել է Քլինթոնը։
Նա նաև պատմել է, որ երկու անգամ այցելել է Ադրբեջան, և նրա հիմնական նպատակը եղել է խաղաղության հաստատումն ու ժողովրդավարության տարածումը տարածաշրջանում՝ միևնույն ժամանակ իրականացնելով էներգետիկ նախագծերը։










