Միասին կձախողենք օրինագծի ընդունումը. Լյուդմիլա Սարգսյանը՝ «Դ!ԵՄ ԵՄ» անդամներին (տեսանյութ)

15:24 • 19.06.14

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ի մոտ բողոքող «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին ներկայացրեց, թե ԱԺ արտահերթ նիստում ինչ իրավիճակ է ստեղծվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերափոխման և պարտադիր կուտակայինը նպատակային սոցիալական վճարի վերափոխելու մասին օրենքի նախագծի շուրջ և ասաց. «Սա մի գործընթաց է, որ մենք պիտի մինչև վերջ գնանք և մեր կամքը պարտադրենք իշխանությանը, եթե պետք է, կձախողենք այդ օրինագծի ընդունումը»:

Վերջինիս խոսքով՝ խորհրդարանի ոչ իշխանական քառյակը և պարտադիրի դեմ պայքարողները որքան էլ ընդվզում են, փորձում են ընդդիմանալ, միևնույնն է, իշխանություններն ասում են, որ դա օրինական է։


«Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի նահանջենք, մենք մինչև վերջ պետք է գնանք, և մենք ասելով ես նկատի չունեմ միայն քաղաքական ուժերին, մենք ուժեղ ենք ձեզ հետ միասին, դուք ուժեղ եք մեզ հետ միասին, հետևաբար մենք մեր պայքարը կշարունակենք, որովհետև ի՞նչ է նշանակում, որ պետական սեկտորի համար օրենքն ուժի մեջ է մտնում, իսկ մասնավորի համար՝ ոչ։ Բայց մասնավորն էլ մենք գիտենք, թե ինչպես են իրենք հետո դարձնելու օրինական»,- ասաց նա։


Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ այդ հարցում եթե հասարակությունն ակտիվ գործընթացի մեջ մտնի, ապա միասին կարող են արդյունք գրանցել: «Խնդիրը նաև միայն կուտակայինը չէ: Կուտակայինը շատ կարևոր է, բայց կան նաև այլ խնդիրներ»,- ասաց նա: