«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ընթացքում 3 անձ բերման է ենթարկվել, 2 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ
Վճարովի կայանատեղիների, արագաչափ սարքերի և ապօրինի տուգանքների դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր Երևանի Արշակունյաց պողոտայից կազմակերպել է «անհնազանդության երթ»։
14.00
Բերման է ենթարկվել ևս 2 վարորդ։ 2 ավտոմեքենա քարշակների օգնությամբ տեղափոխվել է տուգանային հրապարակ։

13.48
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից։

13.30
Վճարովի կայանատեղիների, արագաչափ սարքերի և ապօրինի տուգանքների դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր Երևանի Արշակունյաց պողոտայից կազմակերպել է անհնազանդության երթ, ինչը դեռ չմեկնարկած խոչընդոտվել է ոստիկանության կողմից:
Վերջիններս պողոտայում փակել են երթևեկությունը՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի քաղաքի կենտրոն: Նրանք պատճառաբանում են, թե ընդմիջման ժամ է, և երթը կարող է արհեստական խցանումներ առաջացնել քաղաքում:
Ավտոերթի մասնակիցներն էլ պնդում են, որ իրենք պետք է այդ ճանապարհով իրենց երթը շարունակեն, ձայնային ազդանշաններ են տալիս և հայտարարում, որ դուրս չեն գա մեքենաներից մինչև չբացեն ճանապարհը:
Նախաձեռնության անդամները շարունակում են պնդել իրենց պահանջները, որոնք չորս են.
1. վերացնել կարմիր գծերը,
2. հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր, ընդունելի կանոնակարգ:

Լուսանկարները՝ Նախախորհրդարանի։










