Կրտսեր Հրանտ փղիկը շուտով Հայաստանում կլինի. ավագին կփոխարինի նրա «կնոջ տղան» (լուսանկարներ)

20:34 • 19.06.14

 

Օրեր առաջ Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Հրանտ փղին Երևանի կենդանաբանական այգում կփոխարինի ավելի երիտասարդ մի փղիկ, որը Թբիլիսիում Հրանտի «հարսնացուի տղան» է: Այս մասին Tert.am-ին ասաց «Յունիտրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Հեղինե Արմենյանը:
«Նախատեսվում է, որ այդ էգի տղան պետք է տեղափոխվի Երևան, նրան կբերեն հունիսի 27-ին»,-ասաց նա:


Այս պահին Երևանի կենդանաբանական այգում փղիկ չկա, այնտեղ վերանորոգում են վանդակը և սպասում Բունկա փղիկին, որին Հայաստանում կանվանափոխեն ու կրկին կանվանեն Հրանտ Բունկան 7 տարեկան կլինի շուտով, քաշը մոտ 2 տոննա է:


«Փղիկը պետք է մի քանի օր սովորի այն վանդակին, որով նրան տեղափոխելու են: Փղիկի տեղափոխումը տևում է սովորականից մի քանի ժամ ավել, քանի որ հատուկ կարգով է արվում: Տեղափոխումն իրականացվում է 40 ֆունտանոց կոնտեյներով»,-տեղեկացրեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը:


Նա նաև պատմեց, թե ինչպես է կատարվել Հրանտ փղիկի տեղափոխումը և ասաց, որ մեր «փեսացուն» այնտեղ իրեն բավականին երջանիկ է զգում:


Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենդանաբանական այգում Հրանտին սպասում էր Մալկա անունով հարսնացուն, և հունիսի 12-ին Երևանից Հրանտ փիղը տեղափոխվեց Վրաստան։


Ստորև ներկայացված լուսանկարներում Հրանտ փղիկն է՝ տեղափոխման ճանապարհին և Թբիլիսիում: