Տեղի է ունեցել Իսպանիայի նոր թագավորի երդմնակալության արարողությունը (լուսանկար, տեսանյութ)
Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդն այսօր խորհրդարանի առաջ պաշտոնապես երդվել է որպես երկրի նոր միապետ՝ խոստանալով կառավարման ընթացքում հետևել Իսպանիայի սահմանադրությանը։
Ինչպես նշում է France24-ը, թեև միապետը հիմնականում արարողակարգային դերակատարում ունի երկրի կառավարման հարցում, այնուամենայնիվ հույս կա, որ նա կարող է մեղմել Իսպանիայի հյուսիսում մոլեգնող անջատողական տրամադրությունները։
46-ամյա միապետը պետք է բավական մեծ ջանքեր գործադրի երկրի միասնությունը պահելու, Կատալոնիայի անկախացումը կանխելու ու ընդդիմացող բասկերին հանդարտեցելու համար։
Ֆելիպե 6-րդը գահը ստանձնել է հորից՝ Խուան Կառլոս 1-ից, ով երկիրը կառավարել է մոտ 4 տասնամյակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իսպանիայի արքայազն Ֆելիպեն կեսգիշերին պաշտոնապես դարձել է երկրի նոր արքան։ Ֆելիպեն լավ կրթություն է ստացել հայրենիքում, ինչպես նաև Կանադայում ու ԱՄՆ-ում։ Իսպանիայի թագավորական տան նոր ղեկավարի հեղինակությունը դեռևս մաքուր է լուրջ սկանդալներից, իսկ ընտանեկան կյանքն արքայադուստր Լետիսիայի ու 2 դուստրերի հետ օրինակ է ծառայում շատերի համար։
Տեսանյութը դիտել այստեղ։











